Հայկական արվեստը ունի հարուստ պատմություն և այն արգասեբեր է եղել` չնայած բարդ պատմաքաղաքական իրադրությունների: Այս հանգամանքը մի կողմից լավ է ներկայացնում մեր ժողովուրդը, քանի որ, փաստորեն, ապրելով զրկանքների, առևանգումների, սպանդների մեջ, այն շարունակել է ստեղծագործել: Ինչպես “Այդ անհնարին հայերը” հոդվածում նշում է անգլիացի լռտես Լոուրենս Արավիյսկին` հայերը հպատակեցնում, տիրում են բոլոր ժողովուրդներին, որը, ցավոք, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Ընդհակառակը` զոհի դերում հավերժ գտնվելը անպատվաբեր է յուրաքանչյուր իրեն հարգող, խելացի, միասնական ժողովրդի համար: Սա հայերի թերևս ամենաթույլ և աններելի պատճառաբանումն է բոլոր խնդիրների վերաբերյալ: Մեկ այլ հատկանշական երևույթ է այն, որ ստեղծած ճարտարապետական, գեղարվեստական և կիրառական արվեստի նմուշների ահռելի մասը գտնվում է ոչ Հայաստանում` սփյուռքի, գաղթօջախների հայկական կենտրոններում, աշխահի տարբեր թանգարաններում և ունի ուսումնասիրման, դասակարգման խիստ կարիք: Եթե համաշխարհային պատմության, պատմական կոթողների, կիրառական արվեստի մասին մենք այսօր կարող ենք եզրակացություն կազմել, նկարահանել ֆիլմեր ոչ միայն գրավոր աղբյուրների, այլև իրեղեն ապացույցների շնորհիվ, հայկական արվեստի պարագայում խնդիրը մի փոքր այլ է: Ի տարբերություն միջնադարյան Եվրոպայի, որտեղ ստեղծված շատ աշխատանքներ մեզ տալիս են շրջանի ընդհանուր նկարագիրը` ընդ որում բազմաթիվ ասպարեզների, հայկական ժառանգությունը այս առումով կաղում է: Մեր նախահայրերի մասին պատմում են օրինակ հրաշալի նկարազարդ մատյանները, ձեռագրերը, որոնք ցույց են տալիս դրանց տերերի, հովանավորների մտավոր ու բարոյական արժեհամակարգը: Սակայն մենք չունենք պահպանված նկարներ կամ ավելի վաղ շրջանից հասած բավական գրավոր տեղեկություններ հայկական արվեստի հրաշալի դրսևորումներից մեկի` ճարտարապետության վերաբերյալ: Նախորդ երկու դարերում մի շարք երախտավորներ` չնայած հարմարավետության, տեխնիկական ապահովվածության, ֆինանսական ու մասնավոր հովանավորության բացակայության` հավաքագրել, համակարգել ու ստեղծել են հայկական ճարտարապետական կոթողների մասին տեղեկություններ, չափագրություններ և, նաև, նկարներ: Լուսանկարի բացառիկ հնարավորության պակասի դեպքում անձնվեր հայրենասերները ձեռքով պատկերել են հուշարձանները` կատարելով հսկա աշխատանք, այն է` պատմական իրողության հավաստիագրում: Այս առումով բացառիկ է գեղանկարիչ, դրամների նկարիչ, բանաստեղծական գրվածքների հեղինակ, վերլուծող փայլուն մտքի տեր Արշակ Ֆետվաճյանի դերը: Հետաքրքական է մի երևույթ, որ հայ մտքի լավագույն ավանդույթների հեղինակների մեծամասնությունը արմատներով սերում է կա’մ Արևմտյան Հայաստանից, կա’մ Արցախից, կա’մ հայկական գաղութներից: Բացառություն չէ նաև Ֆետվաճյանը, ում իրական արժեքը և նշանավոր լինելը այսօր բացահայտված չէ լայն հասարակության կողմից: Սա մի կարևոր բացթողում է, որը չի դաստիարակում նմանօրինակ գեղեցիկ ավանդույթ ժողովրդի մեջ: Ֆետվաճյանը ծնվել է 1866թ Տրապիզոնում` առևտրականների ընտանիքում, սակայն այս ուղին իրեն խորթ է եղել: Մեկ այլ տեսանկյունից` առևտրականի զավակ լինելը նրան տվել է արվեստի հետ շփվելու հնարավորություն, քանի որ նյութական թեկուզ փոքր ապահովվածությունը անհերքելի խթան ու նախադրյալ է արվեստով զբաղվելու համար` գումարած ի բնե տրված գենետիկական մի շարք հատկանիշներ: Փայլուն ունակություններ դրսևորելով Պոլսի Կայսերական գեղարվեստի վարժարանում` Ֆետվաճյանին հնարավորություն է ընձեռվում մեկնել արվեստների օրրան` Հռոմ` կատարելագործելու մասնագիտությունն ու գիտելիքները: Այնուհետև Ֆետվաճյանը մեկնում է Վիեննա, ապա գալիս դեպի Անդրկովկաս: Գեղարվեստական գործունեությունը, կազմակերպվող ցուցահանդեսները կազմում են նրա բեղմնավոր կյանքի մի մասը: Ֆետվաճյանը` որպես գեղանկարիչ, ջրաներկին տիրապետում էր վարպետորեն: Գաղտնիք չէ, որ ջրաներկը գեղարվեստի աշխարհում ունի ամենաբարդ տեխնիկական պահանջները. պետք ունենալ հիանալի աչք, տեսողություն և վարժեցված վարպետություն, որպեսզի ջրաներկային գործերը համարվեն հաջողված: Այսպես, Ֆետվաճյանի արվեստում յուրահատուկ տեղ է զբաղեցնում ջրանկարչությունը: 19-րդ դարի 90-ական թվականներին նա հանդես է գալիս որպես առաջին հայ ջրանկարիչ: Սկսած 1900-ական թթ.` Ֆեթվաճյանը սկսում է զբաղվել հայագիտական, ազգագրական, հնագիտական, նաև պատմական փաստագրման անչափ կարևոր գործունեությամբ: Նա շրջում է Արևելյան Հայաստանով, թղթին հանձնում բերդեր, եկեղեցիներ, կոթողներ, ինչպես նաև պատկերում է մարդկանց իրենց կենցաղում: Սա բացառիկ երևույթ է, ինչպես Սարգիս Խաչատրյանի` հայկական հետքերի արտանկարումները Իրանում: Երկու դեպքում էլ մտավորականները բազային, ֆունդամենտալ հիմքեր են հաղորդում մեզ` հետագա ուսումնասիրությունների համար ծառայելով ելակետ: Ֆետվաճյանի կարևորագույն ժառանգություններից են թվով 30, Անի քաղաքը պատկերող ջրաներկերը, որոնք պատմում են մեզ երբեմնի հարուստ ու պարունակ քաղաքի մասին: Նա պատկերում է նաև հարակից շրջանների հուշակոթողները, ճարտարապետական, քանդակագործական մանրամասները, անում մանրակերտ զարդանախշերի 1500 մատիտանկարներ, որ չուներ իր նախադեպը հայ մշակույթի պատմության մեջ: Այս ամենին զուգահեռ, Ֆետվաճյանը նկարում է հայուհիներին` իրենց տարազներով, արդ ու զարդով, որը ոչ միայն փաստագրական նյութ է, այլև արտացոլում է նկարչի տաղանդը, նրա վարպետությունը: Աշխատանքները թե’ իրենց հորինվածքով, թե’ նուրբ գունային լուծումներով անմիջապես դառնում են սիրելի` շոյելով անգամ բծախնդիր արվեստասերի աչքը: Ցանկանալով ներկայացնել Հայաստան աշխարհը նաև արտերկրում` Ֆետվաճյանը նյութեր է տրամադրում պատկերահանդեսներին, Անիի կառույցներն ու բնությունը նկարագրող 15 գունավոր բացիկներ է տպում, հայ կանանց դիմանկարների 10 վերատպություններ անում: Սիրահար երիտասարդի նվիրումով է նա վերաբերվում պատմական հայրենիքին, փորձում վերակենդանացնել կորուսյալ արժեքները, պահպանում ազգային արժեքների հիշողությունը: Այսօր մեզ ընձեռնված է բացառիկ հնարավորություն ուսումնասիրելու և արձանագրելու, թե որքան են քանդվել, վնասվել Անիի եկեղեցիներից մի քանիսը մեկ դարի ընթացքում: Այս նյութին կարելի է դիտել մեկ այլ տեսանկյունից ևս. այն կարծես սեփականատիրոջ փաստաթուղթ հանդիսանա, որ թեպետ ժամանակավորապես կորցրել է իրավասությունները իր ունեցվածքի նկատմամբ, սակայն մի օր կօգտագործի որպես իրեղեն ապացույց հարստությունը հետ բերելու համար: Քաղաքականությունը, որ վարում են այսօր մեր թշնամիները` գողանալով ու պոկելով ամեն հայկական հետք, պետք է ստանա պատշաճ հակահարված: Հարկավոր է հիշել, որ մեր նախնիների կողմից տառապանքով ու մահու գնով կերտած հարստությունը անտեր է ու անպաշտպան: |