2010 թ., հունիս ամսին, երբ վերջացել էր ամեն բան` կապված ուսման հետ, երբ պետական քննություններն ու ավարտական աշխատանքները պաշտպանված էին, ինքնարտահայտվելու անհագ ցանկություն առաջացավ: Կիսվել, պատմել, ներկայացնել, տարածել դրական լիցքեր, գրել ազատ ... Ահա այն ամենը, ինչը դրդեց ինձ ստեղծելու մի փոքր համացանցային նավ, որին այժմ բաց եմ թողնում ինֆորմացիոն օվկիանոսի անծայր, անափ ջրերը: Այսօր հետադարձ հայացք գցելով անցյալի վրա` հասկանում եմ, որ կյանքումս պատահական որևէ բան չի եղել: Ամեն ինչ նպաստում, ուղղորդում էր ինձ դեպի Արվեստի տիեզերք, որտեղ ես այժմ կամ, որտեղ ինձ հետ ապրում են հարազատ ու սիրելի մարդիկ: Ամեն անգամ, երբ ես փոքր-ինչ շեղվում էի այս ու այն կողմ` փնտրտուքների մեջ ընկած, Ճակատագրի ձեռքը հետ էր բերում դեպի Արվեստ: Կայք ստեղծելու նախաձեռնությունը նույնպես փաստում է դա, քանի որ այն այսուհետ ինձ ստիպելու է միշտ մնալ նորությունների կենտրոնում, հավաքել նյութեր, հոդվածներ, նվիրվել հենց այս բնագավառին, որը չի ճանաչում որևէ սահման: Կյանքը իր բոլոր դրսևորումներով ինքնին Արվեստ է: Դե ինչ... Մաղթում եմ բոլորին հաջողություն, այդ թվում նաև նավակիս |