Հայկական արվեստը յուրահատուկ է բոլոր առումներով: Այն ստեղծվել է դարերի խորքից` ունենալով անկումներ ու վերելքներ, կրել ուրարտական, պարսկական, բյուզանդական, հելլենիստական, եվրոպական ազդեցությունն իր մեջ, պատմական իրադարձությունների պատճառով ցիրուցան եղել աշխարհով մեկ: Այսօր մի շարք երկրներում, որոնք վարում են խելացի, հեռանկարային ստրատեգիա, պահվում են մեր արվեստի լավագույն օրինակները` թե’ քաջածանոթ, թե’ դեռևս բացահայտման կարիք ունեցող: Գաղթերի ժամանակ մեր ազգը սփռվել է աշխարհի չորս կողմերով. դժվար է պատկերացնել որևէ երկիր, որտեղ չկա գոնե մեկ հայկական ընտանիք: Այս ամենի հետ մեկտեղ տարածվել է նաև մեր մշակույթը` ազդվելով տեղականից, բայց, իհարկե, պահպանելով արմատները պատմական հայրենիքի, ազգային ինքնանկարի հետ: Գաղտնիք չէ, որ համաշխարհային արվեստի գոհարները կենտրոնացած են հիմնականում Անգլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ռուսաստանի խոշոր թանգարաններում և հայտնվել են այնտեղ ինչպես գնումների, այնպես էլ նվիրատվությունների շնորհիվ: Անգլիան որսացող գայլի պես կարողացել է կենտրոնացնել բոլոր ազգերն ու մշակույթները ներկայացնող արվեստի գործեր, ինչը տալիս է այդ երկրին զբոսաշրջության մեծ հոսք, պետական հարստություն, և սա ստեղծում է որոշակի կախվածություն երկրից: Չնայած հայատյաց քաղաքականությանը` այստեղ կան բազմաթիվ անտիպ, ուսումնասիրված, հին ու նոր հայ արվեստի նմուշներ: Առհասարակ հայկական հետքը Անգլիայում ունի վաղ շրջաններից եկող պատմություն: Հայերի գոյության մասին նշված երկրամասում պատմում է 8-րդ դարի մի փաստաթութ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. “Բրիտանիա կղզին ունի 800 մղոն երկարություն, 200` լայնություն: Կղզու վրա բնակվում են հինգ ազգություններ` անգլիացիներ, բրիտեր, սկոթեր, պիկտեր, լատիններ: Սրանցից առաջինը եղել են հենց բրիտները, որոնք եկել են Հայաստանից ու ապրել հարավային մասում”: Կա նաև վարկած, որ հայերն են բնակեցրել նաև Իռլանդիան, այդ իսկ պատճառով այսօր կարող ենք տեսնել երկու երկրների միջև գոյություն ունեցող, ակտիվ ուսումնասիրության առարկա դարձած մշակութային կապը: Միգուցե սա է պատրվակ ծառայել այն բանի համար, որ իռլանդական եկեղեցու սաղմոսներում Աստծուց խնդրվում է, որ բարեգութ աչքով հետևի նաև հայ ժողովրդին: Մետյու Պերիս պատմաբանի հավաստմամբ 1250 թվականին Անգլիա է ժամանում հայ հոգևորականների մի խումբ, որոնք փախուստի են դիմել` դրդված մոնղոլաթաթարական հետապնդումներից: Այս կապը ավելի ակտիվանում է ուշ միջնադարում Անգլիայի` հնդկական գաղութի շնորհիվ, ուր ապրում էր նաև մեր ժողովուրդը: 1688 թ. թագավորական հրամանով առավել հեղինակավոր հայազգի վաճառականները տեղի ազատ քաղաքացիների հատուկ պատվին էին արժանանում: Սկսած 18-րդ դարից սկսվեց հայերի անկանոն գաղթը Մեծ Բրիտանիա: 1835 թ. Մանչեսթերում ձևավորվեց հայկական համայնքը` մասնավորապես Ստամբուլից ժամանած վաճառականների հաշվին: 1870 թ. նրանք հիմնում են տեղի առաջին հայկական եկեղեցին` Սուրբ Երրորդությունը: 19-րդ դարում Հնդկաստանից Բրիտանիա է գալիս անգլիական պարլամենտի լորդերի պալատի անդամ Էդուարդ Ռաֆայել Քարամյանը: Նրա որդին` Ռաֆայել Ալեքսանդրը, 1829 թ. եղել է Լոնդոնի երկու շերիֆներից մեկը: Հայտնի է նաև, որ բոլորի կողմից սիրված արքայադուստր Դիանայի տատիկը` Էլիզա Գևորգը, և դերասանուհի Վիվյեն Լին ունեն հայկական ծագում: Ներկայումս Միացյալ թագավորությունում ապրող հայերի թիվը բավական մեծ է: Այստեղ գործում են մի քանի անկախ հաստատություններ` Համահայկական բարեգործական հիմնադրամի մասնաճյուղը, հայկական համայնքի ու եկեղեղու խորհուրդը, Ցեղասպանության ճանաչման պայքարով զբաղվող մի միավորում, “Կոմիտաս” ինստիտուտը, որը տպագրում է գրքեր Եղեռնի մասին, հայկական մշակութային կազմակերպությունը` “Աղթամարը” և այլն:
Վերը նշված երկար շարքից ելնում է, որ մարդիկ իրենց հետ բերել են այն պատմական հարստությունները, որ պատկանել են իրենց ընտանիքին, ցեղին, և դրանք այժմ պահվում են Լոնդոնի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Մանչեսթերի, Գլազգոյի, Էդինբուրգի պատկերասրահներում, գրադարաններում, անհատական հավաքածուներում` նպաստելով հայագիտության զարգացմանը: Ուսումնասիրելով տվյալ թեման` առաջ եկան մի շարք կարևոր փաստեր: Այսպես, առաջին հայկական ձեռագիր մատյանը Մեծ Բրիտանիա` Բոդլեյան համալսարան է բերվել 1635 թ.: Առհասարակ անգլիացի արևելագետները հայկական նյութական մշակույթի հուշարձանները հավաքել են մինչև Առաջին համաշխարհային պատերամը: Ցավալի հանգամանք է, որ հնագիտական, ազգագրական, բոլոր նյութերը արձանագրվել են և պատկանել այն երկրներին, որտեղից բերվել են: Օրինակ հայկական գորգերը` Վիկտորիա և Ալբերտ թանգարանում պահվող, համարվում են թուրքական, քանզի բերվել են Թուրքիայի տարածքից: Ապշեցնում է ձեռագիր մատյանների թիվը, որ պահվում է Անգլիայում: Ըստ Բ. Չուգասզյանի ուսումնասիրությունների` միայն Բրիտանական թանգարանում կա 175 նմուշ, Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում` 135, Քեմբրիջի համալսարանի գրադարանում` 25 ձեռագիր, և այդպես շարունակ: Բրիտանական թանգարանի ամենակարևոր մատյաններից է 1200-1201 թթ. Երզնկայի մոտ գտնվող Ավագ վանքում Վարդան գրչի կողմից ծաղկած ձեռագիրը, ում վերագրում են նաև հայտնի Մշո Ճառընտիրի ընդօրինակությունները: Հարկ է նշել, որ Անգլիայում պահվող հայկական ձեռագրերը ուսումնասիրում ու նրանց մասին աշխատություններ է գրում հայագետ Վրեժ Ներսիսյանը, ով Լիսաբոնի Գալուստ Կյուլպենկյանի հիմնադրամի միջոցով հրատարակում է “Հայկական նկարազարդ ավետարանները” գիրքը: Իր գրախոսականներից մեկում` “Ձեռագրերը Բրիտանական թանգարանում”, Ներսիսյանը խոսում է Կիլիկյան վաղ մատյանների մասին, որոնք ստեղծվել են Դրազարկում: Բրիտանական գրադարանի նշանավոր հուշարձաններից է նաև Կիլիկյան թագավորության մայրաքաղաքա Սիսում 1280 թ. ընդօրինակած Ավետարանը Ստեփանոս Վահկացու կողմից: Ձեռագրի երբեմնի տերն է եղել Հեթում Առաջին թագավորի եղբայր Օշինի որդին` Թորոսը, իսկ հետագայում դարձել Նոր Ջուղայի քաղաքապետի որդու` խոջա Նազարի սեփականությունը: Բրիտանիայում են պահվում նաև հայկական մանրանկարչության ուշ շրջանի փայլուն ծաղկողներից մեկի` Ջուղայեցու կողմից զարդված թվով երեք ձեռագիր մատյանները: Ինչպես ևս մեկ անգամ համոզվեցինք արվեստի ստեղծագործությունն առաջին հերթին արժեքավոր է իր շուրջ ստեղծված պատմության շնորհիվ, այն է` իր կենսագրությամբ: Բացի ձեռագիր մատյաններից Անգլիայում կան նաև կիրառական արվեստի նմուշներ, գավազաններ, խեցեղեն, վարագույրներ, գորգեր: Հիասքանչ են հատկապես Քյոթահիայում ստեղծված խեցեգործական իրերը, որոնք հաճախ, թյուր հավաստմամբ, պատկանում են թուրքական մշակույթին: Ըստ ավանդույթի ընդունված է համարել, որ խեցեղենը Քյոթահիայում ստեղծվել է մինչև 17-րդ դ.: Դրանք այնքան բարձրորակ էին և գեղարվեստականորեն անթերի իրականացված, որ մեծ համբավ էին վայելում ոչ միայ հայերի, այլև օտարազգիների շրջանում: Հայտնի են սպիտակ-կապույտ գույների համադրությունը կրող սալիկները, որոնցով երեսապատվում էին եկեղեցիների որմները, զանազան տիպի կարասները, ըմպելիքների համար նախատեսված ոճավորված անոթները` իրենց գեղեցիկ գունային լուծումներով, զուսպ, բայց նրբաճաշակ ու իսկապես էլիտար զարդանախշերով: Հաճախ սպասքի վրա լինում էր այսպես կոչված կնիք-դրոշմ, որը վկայում էր այս կամ այն անձին պատկանելու մասին: Սա ամենայն հավանականությամբ եվրոպական ավանդույթի ազդեցությունն է: Նույն հարուստ պարունակությամբ են օժտված զանազան սկիհներն ու գավազանները, որոնք պատկանել են հոգևորականների և դրվագված են գույնզգույն քարերով, ունեն մանր, ասեղնագործական վարպետության հասնող զարդեր, որոնք կարծես ջիղ լինեն առարկայի վրա: Ինչպե”ս չհիշել պեղումների հրաշքով գտնված Անահիտի դիմաքանդակը, որը իր կատարողական վարպետությամբ, հնության գրավչությամբ փայլում է հելլենիստական աշխարհի գլուխգործոցների կողքին: Բոլոր պահպանված իրերը խոսում են իրենց տերերի կամ պատվիրատուների որպիսիության մասին: Անգլիայի հայկական հավաքածուն շահեկան է ներկայացնում հայերին օտարազգիների առջև: Մի կողմից ափսոսելի է, որ այդ հարստությունները գտնվում են ոչ Հայաստանում, մեկ այլ տեսանկյունից` ավելի մեծ հնարավորություն է ընձեռվում Հայաստանը ճանաչելի դարձնելու համաշխարահին արվեստի համատեքստում: |