Սերգեյ Նարազյան: Նկարիչ: Հայ: Երիտասարդ: Անսովոր: Նոր: Յուրահատուկ: Ռեժիսոր: Համեստ: Չափից ավելի համեստ: Հայեցողական: Խորաթափանց: Հոգին մերկացնող հայացքի տեր: Սերգեյ Նարազյան: Արդեն մի քանի ամիս է` ճանաչում եմ նրան: Բայց վախենում էի անդրադառնալ: Երևի դեռ այնքան տաք էի ու տպավորված, որ ժամանակ էր պետք մտածելու համար: Առաջին անգամ իմ գիտակից կյանքում հանդիպեցի մի նկարչի, այն էլ ժամանակակից, ում արվեստը գրավեց ինձ առանց երկմտելու: "Վստահաբար իմն է",- մտածեցի ես` որոշելով կիսվել բոլորի ու ամենի հետ նրա մասին: Սերգեյը երևանցի է մինչև հոգու խորքը: Ռուսալեզու մտածելակերպով (այս մարդկային տիպի օղակը գնալով փոքրանում է) հայի խնդիրներն առաջ բերող, իտալացու նման այս նկարիչը նորություն է մեզ համար: Ուսումը ստացել է սկզբից Հայաստանի ճարտարապետների միությունում, ապա` Գեղարվեստի ակադեմիայում, ինչը կարող էր կաղապար դառնալ իր մտքի համար, բայց բնության կողմից շռայլորեն օժտված ներքինը վեր հանեց նոր անուն: Այսօր հակասական բնույթի արձագանքը, հուսամ, մի քանի տասնամյակ հետո միաձայն ու դրական բնույթ կկրի: Կյանքում անսպասելի լավ նորություններ էլ են լինում: Օրինակ այն, որ 2001 թ. բոլորիս քաջածանոթ Պիեր Կարդենը, տեսնելով Նարազյանի մի քանի աշխատանք, հրավիրում է վերջինիս Փարիզ` անհատական ցուցահանդես ունենալու "Էսպաս Պիեր Կարդեն" ցուցասրահում: Հրաժարվելն առնվազն հիմարություն կլիներ, այն էլ, երբ աշխարհահռչակ Կարդենը իր ցուցասրահը տասը օր ժամկետով բոլորովին անվճար էր տրամադրում Սերգեյին:
Ցուցադրությունը, չնայած շատ ֆինանսական խնդիրների, տեղի է ունենում, ապա շարունակվում Մոսկվայում, իսկ բարի դրացիական կապը մեծ կուտյուրյեի հետ շարունակվում էր դեռ երկար ժամանակ նամակների, հեռագրերի, շնորհավորական բացիկների տեսքով: Դեռևս 1989թ., երբ Սերգեյը նոր ավարտում էր ակադեմիան, դիպլոմային աշխատանքի թեմա է ընտրում ռուս գրող Բորիս Պաստեռնակի "Բժիշկ Ժիվագո" գրքի նկարազարդումները: Մի քանի տարի անց` 2005թ., մեծ գրողի որդու համաձայնությամբ, Մոսկվայում լույս է տեսնում գրքի նոր տարբերակը` հայազգի նկարչի իլյուստրատիվ նյութերով:
Սերգեյն ունի մի քանի կարևոր առանձնահատկություններ: Նախ ասեմ, որ աշխատում է միայն պաստելով և ածուխով, իսկ նկարիչները գիտեն, թե ինչքան բարդ է պաստելով ռեալիստական նկարներ ստեղծելը, երբ ամեն մի գիծ կարող է ճակատագրական դեր խաղալ` դարձնելով այն այլանդակ կամ արտակարգ: Բացի այդ, վերջին տարիներին ծնված, հասարակության տարբեր խավերին պատկանող մարդկանց դիմանկարներում, խմբանկարներում նկարիչը հասնում է տեխնիկական կատարելության, երբ ստեղծագործությունը դիտելիս ձեռքը զգում է պատկերված մարմնի, հագուստի ֆակտուրան, մաշկի փափկությունը, մազերի հաստությունը, և այլն: Անգամ մաշկի տակից երևում են անոթները, զարկերակները, ամեն ամեն դետալ հաշվի է առնված, բայց չի չափազանցվում: Առաջին հայացքից թվում է, թե կերպարները գրոտեսկի են հասցված, սակայն փողոցում, առօրյայում հանդիպած դեմքերը հասկացնում են, որ իրենք են գրոտեսկի հասել. Սերգեյը միայն նկատել ու վերարտադրել է: Նկարիչը ունի պատկերների թեմատիկ շարքեր: Կան պրովինցիալ տրագիկ տեսարաններ, սակայն տրագիկ ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր բռնության պատճառով: Դրանք ներկայացնում են բանվոր-գյուղացի-անտերության մատնված ընտանիքներ - գյուղեր - քաղաքային մի ստվար զանգված - հարուստ - բայց - դժբախտ - հարուստ - բայց - կյանքից բավականություն չստացող մարդկանց, ովքեր տառապում են խորը հոգևոր խնդիրներից, ովքեր անօգնական են, անգամ եթե ամենակարող դեմքի արտահայտություն են կրում, ովքեր խոցելի են իրենց անտերության մեջ: Շատերն էլ զարմացած են կանոնիկ դասավորված կյանքի հանկարծակի փլուզումից, երբ քանդվում է սոցիալիստական քաղաքակրթություն, երկնքից սառը ջրի պես հորձում է կապիտալիզմը: Ու նրանք հայտնվում են արանքում: Մի խոսքով գրելն անիմաստ է: Տեսնել է պետք: Նարազյանի ստեղծագործություններից շատերն էլ անվանում չունեն: Ու պետք էլ չէ, որ ունենան: Ամեն ինչ դիտողից է կախված: Չէ" որ արվեստը սուբյեկտիվ մոտեցում է ակնկալում: Նայել է պետք ու մտածել: