Ահա այսպես է ներկայանում հայազգի մեծատաղանդ քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը հարցազրույցներից մեկի ժամանակ: Նա մի յուրահատուկ անձնավորություն է, որ ստեղծել և ստեղծում է նույնքան յուրահատուկ, միշտ թարմ ու ժամանակի պահանջներին համապատասխանող քանդակներ: Նիկողոսյանը պատկանում է այն հայ արվեստագետների շարքին, որոնք, խառնվածքով լինելով համարձակ ու անվախ, առաջ են գնացել` զավթելով նաև օտարերկրյա արվեստասերների ուշադրությունը: Նիկողոսյանը ծնվել և մեծացել է Հայաստանում, ապա մեկնել Ռուսաստան` ուսում ստանալու, որտեղ էլ վերջնական բնակություն է հաստատել, սակայն երբեք չի մոռացել իր ակունքների մասին: Քանդակագործի աշխատանքները, որքան էլ ժամանակակից լինեն ու կրեն ոճային յուրահատկություններ, դրանք չեն հեռանում իրենց հայկական արմատներից, քանի որ “հայկականությունը” ամուր նստած է Նիկողոսյանի ստեղծագործության մեջ` անգամ ենթագիտակցական մակարդակով: Հետաքրքիր է ուսումնասիրել նաև Նիկողոսյանի-արվեստագետի կայացման ուղին. ամեն նոր շրջանի քանդակ կարծես կատարելագործում է նախկինը, դառնում էլ ավելի ոգեղեն ու ազատ, ըմբոստ ու եռանդուն, ինչպես հեղինակը: Նիկողոսյանը հավատարիմ է հատկապես դիմաքանդակի ժանրին, որը գերիշխում է իր ստեղծագործական գործունեության մեջ: Հիմքերը գալիս են դեռևս 1940-ական թթ-ներից, երբ երիտասարդ արվեստագետը կենտրոնանում է դիմաքանդակի վրա: Նա կերտում էր հիմնականում կիսանդրիներ և ոչ մեծ չափերի քանդակներ, որոնք բնույթով կամերային էին: Հետագայում, երբ Նիկողոսյանը դառնում է արդեն կայացած ու ճանաչված վարպետ, բազմաթիվ մոնումենտալ քանդակների հեղինակը, փոքր քանդակներն, այնուամենայնիվ, իրենց տեղը չեն զիջում: Այս հանգամանքը կարելի է բացատրել թերևս նրանով, որ փոքր քանդակը կոմպոզիցիոն ազատության, բնորդին ավելի ամբողջական ու անկաշկանդ ներկայացնելու հնարավորություն է տալիս: Նիկողոսյանի դիմաքանդակները կենդանի են, ոգեշնչված, ինչին քանդակագործը հասնում է` պատկերելով միմիկան, դիրքը, շարժուձևը, նրանք կարծես զրուցեն դիտողի հետ, ինչը եզակի երևույթ էր խորհրդային կաղապարված, խիստ, անդեմ արվեստում: Հաշվի առնելով ժամանակաշրջանի գործոնը, հարկ է նշել, որ Նիկողոսյանը երբևէ կուլ չի գնացել գաղափարային սահմանափակումներին, չի եղել սոսկ “կատարող”: Անգամ սոցիալիստական գաղափարները փառաբանող աշխատանքները հագեցած են ներքին լարվածությամբ, ունեն յուրահատուկ տրամադրություն, որը հաղորդվել է քանդակագործի սեփական վերաբերմունքով դրանց հանդեպ, այսինքն` ամեն դեպքում Նիկողոսյանն իր խոսքն է ասել ու արտահայտել նաև խորհրդային կարգերի սկզբունքներին ծառայող քանդակներում: Նիկողոսյանին կարելի է անվանել նաև հոգեբան, քանի որ յուրաքանչյուր արվեստագետ, որ ստեղծում է պորտրեներ, պետք է կարողանա նախ բացահայտել պատկերյալի ներաշխարհը, մարդկային որակն ու որպիսությունը. “Ինձ համար միշտ հետաքրքիր ու հաճելի է եղել բացել, հայտնաբերել մարդկանց էությունը ու նրանց միջոցով` ինքս ինձ: Ինչ ասել է, ասենք, դիմաքանդակ. դա առաջին հերթին մարդու բնավորությունն է, ներքին աշխարհը: Ապա նաև այն սկզբունքը, քանդակագործական այն հատուկ լեզուն, որով իր լուծումն է գտել տվյալ գործը”,- ասում է նա: Այս ամենից ելնելով` պատահական չէ նաև, որ Նիկողոսյանն անդրադառնում է կանացի կերպարին, որը լի է հարցականներով ու գաղտնիքներով: 1950-ական թթ. նա ստեղծում է կնոջ` Անթառամ Ահարոնյանի, ՍՍՀՄ ժողովրդական դերասանուհի Թամարա Մակարովայի, ՍՍՀՄ ժողովրդական պարուհի Մայա Պլեսեցկայայի մի քանի բրոնզե դիմաքանդակները, որոնք գերում են իրենց պոետիկությամբ, նրբությամբ և ներքին վեհ կեցվածքով: Նիկողոսյանը հիանալի տիրապետում է նյութին, որով արարում է` լինի դա քար, մետաղ, թե փայտ, սակայն հիմնական նախապատվությունը տրվում է քարին: Առհասարակ յուրաքանչյուր նյութ գեղարվեստի բոլոր ճյուղերում թելադրում է իր հետ աշխատելու նրբությունները: Քարը չափազանց կամակոր և դժվարամատչելի է, սակայն Նիկողոսյանը կարծես բնազդով զգա, թե ինչպես պետք է աշխատել նրա հետ: Սա օրինաչափություն է, քանի որ բացի բնատուր տաղանդից խոսում է նաև գենետիկական ժառանգությունը, որի առկայությունն անքակտելի է. հիշենք մեր անտիկ, միջնադարյան շրջանից պահպանված քարե հուշարձանները, որոնք հիանալի մշակում ունեն, վարպետորեն են ստեղծված և մեծագույն սիրով. “Հաճախ քարն ինքն է հուշում` ինչ լուծում գտնել. միայն պիտի լսես, գտնես քո մեղեդին: Ես միշտ հարազատություն եմ զգացել քարի հանդեպ, և դա առաջին հերթին, իհարկե, իմ արմատներով, գեներով է բացատրվում: Չէ՞ որ մեր նախնիները քարից հրաշալի վանքեր, տաճարներ են կերտել: Իսկ ինձ ծնել, ստեղծել է նախևառաջ իմ հայրենի գյուղը”,- գրում է Նիկողոսյանը: Նիկողոսյանը ստեղծել է մտավորականների դիմաքանդակների հարուստ շարք: Նա անդրադարձել է ոչ միայն հայ, այլև այլազգի գիտնականների, արվեստագետների կերպարներին, որոնցից շատերը ձևավորում են քաղաքային պուրակները, փողոցները, թանգարանները: Ավ. Իսահակյան, Մ. Նալբանդյան, Վ. Գայֆեճյան, Ռ. Զարյան, Մ. Խորենացի, Մ. Գորկի, Հ. Թումանյան, Վ. Մայակովսկիյ, Դ. Շոստակովիչ, Կ. Հալաբյան, Կոմիտաս, Պ. Կապիցա, Խ. Աբովյան, Ա. Խաչատրյան, Լ.Արագոն, Գ. Լևոնյան… Ահա դիմաքանդակների շարքի մի մասը, որը պատկանում է նրա հատիչին: Առաջին անգամ մոնումենտալ քանդակի առաջարկ Նիկողոսյանը ստանում է 1943թ.` 7-րդ դարում ապրած հայ մտավորական Անանիա Շիրակացու արձանը պատրաստելու, որը պետք է գտնվեր նորակառույց Մատենադարանի բակում: Ինչ-ինչ պատճառներով Նիկողոսյանի տարբերակը չի հաստատվում, իսկ 1967 թ. նա երկրորդ անգամ կերտում է Մատենադարանի համար հայոց մեկ այլ մեծի` Մովսես Խորենացու արձանը, ապա 1969-ին մասնակցում Կոմիտասի հուշարձանի համար անցկացվող մրցույթին: Շատ մոնումենտալ արձաններ, որոնք քանդակված են Նիկողոսյանի կողմից, իրականացված չեն, չեն հասել իրենց տրամաբանական վերջաբանին, ինչի պատճառով իրենց մասին կարելի է եզրակացություն կազմել միայն գիպսե մոդելները տեսնելով: Նիկողոսյանի ավանդը մեծ է նաև նրանով, որ արվեստագետը կարողանում էր իր աշխատանքները համապատասխանեցնել ժամանակի ճարտարապետությանը, հաշվի էր առնում քաղաքաշինական հեռանկարները և այլն: Հիանալի օրինակ է Միքայել Նալբանդյանի արձանը Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկում, առանց որի հնարավոր չէ պատկերացնել քաղաքի այդ անկյունը: Նալբանդյանը կարծես ճեմելով դուրս գա զբոսայգուց ու կանգ առնի` մի պահ մտորելու: Նրա դեմքը կենտրոնացած է, հանգիստ հոգևիճակն արտահայտված է կանգնած դիրքով, մարմնի հավասարակշռությամբ: Թվում է, թե մեծ մտավորականը հանկարծ կարող է զրույցի բռնվել անցորդի հետ, կիսվել մտքով անցնող երևույթների մասին, բայց միևնույն ժամանակ նա պաղած է` չնկատելով նույն անցորդներին: Նալբանդյանին Նիկողոսյանը պատկերել է դեպի հորիզոն ուղղված հայացքով: Ու”ր է նայում նա: Ի”նչ է ակնկալում: Հիշենք, որ հին եգիպտական աստվածություններին նման հայացքով պատկերելով` արվեստագետները ցանկացել են հասկացնել, որ այդ կերպարները նայում են ապագային, որը հորիզոնից դեմ հանդիման է մեզ գալիս: Նույն վիճակում էլ Նալբանդյանն է` ազատության սիրահարը: Նա նայում է առջև` փորձելով գուշակել, թե ինչ ապագա կգա իր հայրենիքի համար: Վերջապես, թերթելով Նիկողոսյանի գործունեությունը, անհնարին է կանգ չառնել Եղիշե Չարենցին նվիրված հուշահամալիրի վրա, որը նույնպես ձևավորում է քաղաքային պուրակներից մեկը` Սայաթ-Նովա-Ալեք-Մանուկյան խաչմերուկում տեղակայված: Սա մի մոնումենտալ հուշահամալիր է, որը հետաքրքիր կերպով համակարգում է միջավայրը: Չարենցյան կիսախելագար, ճարտար կերպարները դուրս են գալիս երկրաչափական, ինչ-որ տեղ զենք հիշեցնող ծավալներից, ապա, հուշարձանի շուրջ պտտվելիս, կրկին անհետանում: Մի տեղ մարմինը մտորում է, մի այլ տեղ ցանկանում է դուրս պրծնել ընդհանուր ծավալից: Եթե հաշվի առնենք արևի լուսավորությունը, հուշարջանն էլ ավելի է նշանավորվում, քանի որ ստվերների առկայությունը անչափ կենդանություն են հաղորդում հորինվածքին: Ամեն անգամ արձանի կողքով անցնելիս, անգամ օրվա տարբեր ժամերին, թվում է, թե ինչ-որ բան փոխվել է նրա մեջ: Հուշարձանը միջավայրի կանաչի հետ միանում է պատվանդանի միջոցով, բայց միևնույն ժամանակ նաև առանձնանում է: Քանդակագործն ու համահեղինակ ճարտարապետը կարողացել են ստեղծել տպավորիչ, յուրահատուկ, ժամանակակից ինտերպրետացիայով արձան, որն ամբողջովին արտահայտում է Չարենցի ու նրա իսկ ստեղծած բանաստեղծական աշխարհի ըմբոստությունը, անհանգստությունը: Բնույթով կամերային, սակայն բավական տպավորիչ է Մարտիրոս Սարյանի` 1967 թ. արված դիմաքանդակը: Առաջին հայացքից տարեց մարդու դիմագծերի մեջ դժվար է կռահել Սարյանին, սակայն մկանոտ այտոսկրերը, փոքր-ինչ կկոցած աչքերը հիշեցնում են Վարպետին: Թեպետ Նիկողոսյանը փոքր-ինչ հեռվացել է լուսանկարչական նմանությունից, դա ամենևին կապ չունի: Այստեղ Սարյանը հավաքական կերպար է: Նա մտավորական է, իմաստուն, կյանքի հարուստ փորձով մարդ և առջին հերթին մարդ: Կարծում եմ` հենց այս նպատակն էր դրել Նիկողոսյանն իր առջև քանդակը արարելիս, քանի որ վերը թվարկած հայացքների տեր Սարյանի է նա ճանաչել: Նիկողոսյանին հատուկ է նաև հատիչի անփույթ, բայց մտացածին փորվածքը. ստեղծելով գեղարվեստական որոշակի խառնաշփոթի պատրանք` քանդակագործը հետաքրքիր տրամադրություն է հաղորդում իր աշխատանքներին: Այսպես են լուծված օրինակ Ավ. Իսահակյանի` 1956 թ. պատկանող կիսանդրին, “Ծերունու դիմաքանդակը” 1960թ., պրոֆ. Գնեսինայի արձանիկը, Ռ. Զարյանի, Մ. Գորկու, Ն. Գրիբովի, Ս. Բերենդգոֆի, Ն. Կրիլովի և այլոց դիմաքանդակները: Նմանատիպ են նաև Նիկողոսյանի` յուղաներկով արված աշխատանքները: Վերջին տարիների ընթացքում նա հատկապես կենտրոնացել է գեղանկարչության վրա, քանի որ իր իսկ խոսքերով գույները իրեն յուրահատուկ ազարտի մեջ են գցում: Ամեն անգամ որևէ նոր բան նկարելիս կամ կերտելիս, նա երկար զննում է աշխատանքը, ապա ասում. “Ահա, ինչ լավ է, որ արարեցի: Ինձնից հետո էլ պատմություն կմնա”: Նիկողոսյանն այստեղ նույնպես իր խոսքն է ասել: ՄԻ կողմից իր կտավները ինքնուրույն են, մյուս կողմից` ավելի խիստ հայացքի ներքո ի հայտ են գալիս նմանություններ ու ազդեցություններ Կալենցի, Սարյանի, Մինասի, Գորկու, Պիկասսոյի ստեղծագործություններից: Քիչ չեն ճեպանկարներն ու մատիտանկարները, որոնք ավելի ընդգծված անհատականություն ունեն: Բավական սուղ, հակիրճ նյուանսներ օգտագործելով` Նիկողոսյանը կարողանում է դիպուկ նկարագրել պատկերյալի էությունը: Ահա այսպիսին են Վիկտորիայի, Հ. Բաղրամյանի, Ս. Բազազյանցի, դիմանկարները, 1976 թ. ինքնանկարը: |