Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքը - 17 May 2011 - HayArt
Main » 2011 » May » 17 » Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքը
16:59
Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքը
Նոր Ջուղա քաղաքամասն ընկած է Սպահանից հարավ, Զարենդերուդ գետի աջ ափին: Դրա երկարությամբ ձգված Նազար և ուղղահայաց հատվող Հաքիմ Նիզամ պողոտաների միջև ընկած տարածքը պատած է փողոցների ցանցով, որոնք ընդգրկում են Մեծ, փոքր և Չայսու մեյդանները, Հակոբջանենց, Երևանի, Թավրիզի, Դաշտեցոց և Գաղքի հայկական թաղերը: Դրանցից են տեղաբաշխված Նոր Ջուղայի թվով 12 թաղային և ս. Ամենափրկիչ վանքի եկեղեցիները, մեծահարուստներին պատկանող երկհարկանի շքեղ մենատները, չքավոր խավերի աղքատիկ բնակարանները, առևտրական և արհեստավորական շենքերը: Նոր Ջուղայի եկեղեցիները` կառուցված հայ և մեծ մասամբ պարսիկ վարպետների կողմից, աղյուսաշեն են: Հատակագծային հորինվածքով թեև ինչ-որ չափով պահպանում են ազգային որոշ նկարագիր, սակայն գործադրած շինանյութի և միջավայրի ավանդույթների ուժեղ ազդեցության ներքո նկատելի են հայ ճարտարապետության ազգային դիմագծի փոփոխում: Ինչպես եկեղեցական, այնպես էլ քաղաքացիական շենքերի ներքին և արտաքին ճարտարապետության, նրանց կոնստրուկտիվ համակարգերում և հարդարանքի միջոցներում, ակնառու է պարսկաոճության բացահայտ ներգործությունը:

Սուրբ Ամենափրկիչ վանքը հիմնադրվել է 18-րդ դարում: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1658-1662 թթ., ունի 18-րդ դ. սկզբով թվագրված նվիրատվական արձանագրություններ: Վանքային համալիրը բաղկացած է եկեղեցուց, հյուսիսային կողմից կցակառուցված վանքապատկան շենքից և եկեղեցուց արևմուտք, փոքր-ինչ հեռու, բակի մեջ կառուցված զանգակատնից: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է: Աղոթասրահը մուտքեր ունի հարավային, արևմտյան, հյուսիսային կողմերից:
Ներսում, երկայնական պատերից շեշտակի առաջ եկող երոկւ որմնամույթերով աղոթասրահը բաժանված է երկու հավասար մասերի: Արևելակողմինը ծածկված է ցածր թմբուկի վրա հենվող, երկու թաղանթների միջև սնամեջ երկտակ գմբեթով, իսկ արևմտյանը` անթմբուկ, ոչ խոր գմբեթով: Աղոթասրահի արևելյան կողմից հատակագծով միանավ դահլիճի տիպի հնգանիստ ավագ խորանն է` ավանդատներով երկու կողմերից: Ներքուստ բոլոր պատերը, կամարների տակը, ավագ խորանը վահանաձև առագաստներն ու գմբեթը համատարած պատված է որմնանկարներով, որոնք ենթադրաբար վերագրվում են Նոր Ջուղայեցի նշանավոր գիտնական-վարդապետ, փիլիսոփայական, աստվածաբանական, տրամաբանական, քերականական և այլ հարցերի նվիրված աշխատությունների հեղինակ, միևնույն ժամանակ նկարիչ Հովհաննես Մրքուզին և իր օգնականներին: Որմնանկարները բազմաթեմա են` վերցրած նոր և հին կտակարանից: Թեմատիկ բազմաֆիգուր հորինվածքները շրջապատված են համատարած զարդանկարներով` բնորոշ պարսկականից փոխառնված տարրերով: Հատակից երեք ու կես կանգունաչափ բարձրությամբ պատերը երեսապատված են շքաղյուսե սալերով:
Ամբողջովին աղյուսաշեն եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարսկաոճ է, իր ձևերով ու հարդարանքի միջոցներով բնորոշ գործադրված շինանյութին: Նշված հատկանիշներն առավել ցայտուն դրսևորված են արևմտյան ճակատում: Հորիզոնական մի գոտով այն երկհարկ մասնատում է ստացել, իսկ ուղղաձիգ 4 ելուստներով յուրաքանչյուր հարկը եռամաս բաժանման ենթարկվել:
Հարթ որմնախորշերի ձևի այդ մասերը պսակված են երկկենտրոն որմնանկարներով, իսկ դրանցից վեր գտնվող հարթուոթյունները երեսապատված են կանաչ երանգի զարդանախշավոր շքաղյուսներով: Ճակատում գունավոր աշխուժություն մտցնող հարդարանքի այդ միջոցը առավել չափով կիրառություն է ստացել որմնախորշի մեջ տեղադրված շքամուտքում, ինչպես նաև նույն ճակատը կենտրոնի վերնամասում պսակող քառամույթ և բակում առանձին կանգնեցրած չորս միակտուր քարե սյուների վրա բարձրացող եռահարկ զանգակատնում:
Հյուսիսային կողմից եկեղեցուն կցված միահարկ շենքի արտաքին ճարտարապետությունը, դեպի բակն ուղղված իր երկկամար նախամուտքով, կողմնային պատերին եղած 3-ական լուսամուտներով, եկեղեցու հյուսիսային ճակատի վերնամասի որմնակամարային լուծման հետ միասին, ամբողջացնում են եկեղեցու ողջ ճարտարապետությունը` ստեղծելով միասնական նկարագիր:
Ըստ Լևոն Մինասյանի` վանքի հետ կառուցվել է նաև մի փոքր եկեղեցի, որ խարսխված էր 1655 թ. հայերի` Սպահան քաղաքի միջից Ջուղա տեղափոխվելու օրերին: Այն փլվել է և նրա տեղում Դավիթ Առաջնորդի միջոցով կառուցվել է ներկայիս փառավոր Մայր Տաճարը:
Տաճարի կառուցումը տևել է 9 տարի` 1655-1664 թթ., որի նկարազարդման ամբողջ ծախսը հոգացել է Խոջա Ավետիք Ստեփանյանը: Եկեղեցին ներսից ամբողջությամբ նկարազարդ է, որը ներկայացնում է պատկերներ Հին և Նոր կտակարաններից: Նկարազարդումը արված է յուղաներկով գաջի վրա` ըստ ավանդության նկարիչ Մինասի, Տեր-Ստեփանոսի, Հովհաննես Մրքուզի կողմից:

Եկեղեցու ներսի պատերի ստորին մասը շուրջ 1.5 մ բարձրությամբ պատած է գունագեղ հախճապակյա սալիկներով, որոնցից մի մասը կառուցվել է 1710 թ., իսկ բեմինը` 1716թ.: Բեմի ներքևի փոքր սենյակում թաղված են երկու երախտավոր հոգևորականներ: Նրանցից մեկը իրանահայ առաջին տպարանի հիմնադիր Խաչատուր վարդապետ Կեսարացին է, մյուսը` վանքի տաճարը վերակառուցողը` Դավիթ Առաջնորդը:
Տաճարը նաև ունի երկու հիանալի զանգակատուն` 1-ը` փոքր, որ գտնվում է եկեղեցու արևմտյան դռան վերևում, մյուսը` մեծն ու փառավորը, տաճարի շքեղությանը ու վայելչությանը հարմարը, եկեղեցու արևելյան կողմու

մ:
Category: Arts | Views: 264 | Added by: Arvestaban | Tags: Nor Jugha, Isfahan | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email:
Code *: