Ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ տապալվեցին խորհրդային կարգերը: Մոտ երեք տասնամյակ առաջ քչերը կհավատային, որ մի օր կփլուզվի այն, ինչ կապում էր ազգեր, երկրներ, մշակույթներ, մտածելակերպեր... ամեն ինչ: Սկսվեցին մի շարք գործընթացներ, որոնք անխուսափելի էին նման սոցիալ-քաղաքական փոփոխության դեպքում: Հայաստանը անցավ հաստատման դժվարագին օրերով, և այժմ կարծես նոր է սկսում ուշքի գալ: Ինչ վերաբերում է հեղաշրջմանը, անկախացմանը և առհասարակ 90-ական թվականներին, ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նոր էի ծնվել և պատկերացումս կազմել եմ շրջապատի պատմությունները լսելով, այսպիսով չեմ ցանկանում անդրադառնալ անցյալին: Չեմ էլ կարող: Սակայն կարող եմ մի բան ասել հաստատ, որ խորհրդային կարգերի փլուզումը մեծապես ազդել է իր զավակների, այն է` իմ և իմ հասակակիցների ծնողների հոգեբանության վրա: Բարքերի իսկական աղետ: Դա այն շրջանն էր, որ մարդիկ սկսեցին դրսևորել իրենց որակները նորովի, ինչը բնական է. սթրեսային վիճակում ի հայտ են գալիս դիմագծեր, որոնք անճանաչելի են անգամ հարազատների վարքում: Եղան պատերազմ, տնտեսական շրջափակում, կոնֆլիկտային մի շարք դրություններ թե' երկրի ներսում, թե' դրսում, և ազգը ապրեց: Այսօր ապշում և հիանում եմ, թե ինչպես կարողացան հազարավոր ընտանիքներ դիմակայել, կյանքի գնով դիմակայել, սպասել, չկոտրվել: Եվ հասան այն պահին, երբ դրությունը քիչ թե շատ թեթևացավ: Ոչ թե դրությունը, այլ դրությունները: Դրանք շատ էին: Սթափեցումից և շունչ քաշելուց հետո բացի մնացած բոլոր խնդիրներից առաջ եկան նաև զուտ կենցաղային թյուրիմացություններ: Մեզ` երիտասարդներիս համար արդեն սովորական երևույթներ, իսկ ավագ սերնդին անհեթեթություն թվացող: Գործազուրկ տղամարդիկ և կայանք, անթոշակ թոշակառուներ, անաշխատավարձ ուսուցիչներ և բժիշկներ և ինժեներներ և ամեն ամեն մասնագիտության տեր մարդիկ, ովքեր դիմակայում էին: Խորին հարգանքս մեր մեծերին վերապրելու համար: Ապա եկավ մի արհավիրք կամ բարօրություն` գլոբալացում: Այն նաև այսօր կա: Այն առկա է այն պահից, երբ ինֆորմացիան սկսեց տարածվել նավերի, սուրհանդակների, հեռախոսների, հեռագիրների, ամեն տեսակ հեռ- նախածանցով սկսվող բառերի միջոցով... Եվ մենք սկսեցինք նմանակել: Առաջ էլ էին նմանակում կամ օրինակ վերցնում, սակայն ցենզի կանոնները պահպանելով, մնալով սեփական կաղապարի մեջ: Օ~ ամենազոր հեռուստատեսություն... Դու ավելի վտանգավոր ես, քան ատոմային ռումբը, քան արատավոր սերունդը: Դու զենք ես, որ կամաց-կամաց փտեցնում է իմ սերնդի անտեղյակ երիտասարդներին, որոնք վստահում են քեզ, որոնք սովորում են քեզանից: Դու զորեղ և խելացի մարդկանց ձեռքի հեռակառավարման վահանակն ես, որ հեռակառավարում են մեզ: Ինչի համար այսօր հորինել պատերազմներ, արյուն թափել, օդ աղտոտել, եթե կաս դու, հեռուստատեսւոթյու'ն: Քո միջոցով հեռավոր Արգենտինայի և Բրազիլիայի արտադրած նովելները կաղապարում են մեր հասարակության ուղեղները, մենք դառնում ենք կաղապարներ քո շնորհիվ: Ինչի համար կարդալ խելացի և բարդ գիրք և այսպիսով կառուցել առողջ ապագա, եթե կարելի է հետևել Մարսելոների և Լունաների դյուրին-դյուրամարս տեսարանները: Համաձայն եմ, ամեն ինչ մեզանից է գալիս: Մենք ենք մեղավոր, որ թույլ ենք տալիս կառավարել մեզ, որ հանդուրժում ենք մեր ճակատագրերի հետ խամաճիկների նման խաղացողներին: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Երբ վերջապես կհասկանանք, որ յուրաքանչյուրիցս իրականում շատ բան է կախված... Ես էլ եմ գլոբալացման զավակ: Եթե ես կամ համացանցում, ապա ես արդեն գլոբալիզացիայի եմ ենթարկվում: Դեմ չեմ, ամեն դեպքում փորձում եմ պահպանել նկարագիրս, սովորել միայն կառուցողականը, նրանց ֆունդամենտալ գաղափարները: Դա ես, ընկերներս, բարեկամներս: Իսկ մնացածները: Ով կարող է պատասխան տալ այն երիտասարդների համար, որոնք առանց հասկանալու փոխառնում են միայն տեսածն ու մատուցածը` հանդիսանալով օտարազգի քանդող ուժերի թիրախ? Դե արի ու հարցական նշան մի' դիր: Եվ այս ամենի արդյունքում դրսի էժանագին, շուկայական բարքերը դառնում են մեր հասարակության քննարկման վերին գաղափարներ: Երիտասարդները սկսում են նմանակել արտասահմանյան հերոսներին, իսկ ծնողները չեն ընդունում դա, արդյունքում` սերունդների դաստիարակությունների տարբերություն, իդեալների փոփոխություն, գաղափարների վերաիմաստավորում: Այսօր մենք արագ քայլերով մոտենում ենք մասսայական տգիտությանը: Մենք դառնում ենք հեշտ տիրապետելի մարիոնետներ: Առանց գիտելիքների: Ամեն դեպքում հոռետեսական կամ բավական ռեալ իմ այս մտածմունքները ցրվում են, երբ շփվում եմ մի շարք մարդկանց հետ, որոնք հուսալի ապագա են իմ պատկերացումների համար: Ցանկանում եմ, որ նրանց նման լինեն մնացած բոլորը: Ցանկանում եմ, որ դպրոց հաճախող երեխաները լինեն արտակարգ խելացի, որ սիրեն ուսումը, ծնողները դրամապանակի դեր կատարելուց բացի նաև հոգևոր արժեքներ դաստիարակեն զավակների մեջ: Հավատացած եմ, նրանք դրա կարիքը ենթագիտակցաբար զգում են: Ես ցանկանում եմ, որ մենք սիրենք իրար: Գտնենք ուժ և սիրենք: Անշահախնդիր, ԳԼՈԲԱԼ սիրենք: Ես ցանկանում եմ, որ հասարակության ստվար զանգվածի կողմից անտեսված իրական էլիտար երևույթը` արվեստը, լինի հենակետ, որ պատկերասրահների և ցուցահանդեսներին օդը պակասի մարդկային հոծ զանգվածներից, որ վերջապես երևան գան ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ*: *-մտավորական կոչվում է այն մարդը, որ սեփական անձի բարիքից զատ ավելի շահագրգռված է հանրության բարիքով: Ես ցանկանում եմ, որ իմ ու քո ու բոլորիս երեխաները ունենան երջանիկ ու առողջ մթնոլորտ ու ծնողներ ու մոլորակ...
Mar, ankexc em asum, erb kardaci verjin parberutyun@, pshaqaxveci......................isk Marseloneri ev Lunaneri, Anxelneri u Xuannerii erkrpaguneri banak@ gnalov krchatvum e, amen inch poxvum e, ev es vstahabar karox em asel, vor aroxj apagan aveli e motenum , erb depi ayn gnum es aroxj nerkayov...:)