Ուրվագիծը մառախուղում - 25 September 2010 - HayArt
Main » 2010 » September » 25 » Ուրվագիծը մառախուղում
16:20
Ուրվագիծը մառախուղում
Այս աշխարհը պատկանում է իդեալիստներին. նրանք են մոտ կանգնած կյանքի գեղեցկության ընկալման գաղտնիքին: Ահա այսպիսին է խորամիտ, մասնագիտական բարձր արժեքների տեր և անսահման ռոմանտիզմով լեցուն ճարտարապետ Սամվել Գյուլնազարյանը: Վերը նշված խոսքերի վառ ապացույցներն են նրա կենսակերպն ու նվիրվածությունը ճարտարապետությանը, մի խոսքով` ողջ էությունը: Սամվելն այն եզակի հայերից է, ովքեր, դաստիարակվելով խորհրդային հասարակարգում, կարողացել են հաստատվել կապիտալիստական երկրում`իրենց տեղը գտնելով այնտեղ և վարելով արժանապատիվ կյանք: Սա խոսում է ուժեղ կամքի և լայն մտահորիզոնի մասին,քանի որ սոցիալ-քաղաքական կտրուկ փոփոխությունների շեմին շատերն են կոտրվել` կորցնելով իրենց դիմագիծը:
Ծնված և մեծացած լինելով Երևանում` նա դեռ դպրոցական տարիներից անգլերենի ուսուցչուհու դիպուկ արտահայտությամբ ստացել էր “Սեմ” մականունը, ինչպես նրան այսօր էլ դիմում են մտերիմները: Եվ այս մականունն ինչ-որ տեղ բախտորոշիչ եղավ Սամվելի կյանքում` այսօր նա ապրում է Վաշինգտոնում, որտեղ ճանաչված ճարտարապետ է, շրջապատի կողմից հարգված անձնավորություն: Այստեղ պատահական որևէ բան չկա. նա կարողացել է վաստակել իր հեղինակությունն անդադրում ստեղծագործական աշխատանքի շնորհիվ:
Ճարտարապետը լինելն այն առաքելությունն է, որը չի ճանաչում երկրորդական դերեր. կա´մ ճարտարապետ ես, կա´մ ոչ: Դատելով Սամվելի նախագծերից` վստահաբար կարելի է ասել, որ նրա ստեղծագործությունները, կրելով ժամանակակից արվեստի դրոշմը, ոչ թե շարքային նմանակումներ են, ինչպես այսօր հաճախ է պատահում, այլ ճարտարապետության և տարբեր այլ արվեստների ինքնատիպ սինթեզ: Նրա նախագծած շինությունները մեկնաբանվում են գեղանկարչորեն, ընկլավում որպես յուրօրիան կլոր քանդակ:
Սամվել Գյուլնազարյանն աշխատել է ամերիկյան շատ հեղինակավոր կազմակերպություններում` մշտապես մնալով պահանջված մասնագետ, իսկ այժմ զբաղվում է ինքնուրույն ճարտարապետությամբ` ունենալով իր արվեստանոցը:
Սամվել Գյուլնազարյանի գործունեությունը ծավալվել է նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս. Կոնֆերանսների ազգային կենտրոն Դուբլինում, օֆիսային համալիր Սան Ֆրանցիսկոյում, հանգստյան գոտի և խաղատուն Բաթումիում և մի շարք այլ նախագծեր: Թե’ կիրառական այլազանությամբ, թե’ գեղագիտական առումով դրանք համապատասխանում են արդի ճարտարապետության հարցադրումներին: Չնայած հսկայական չափերին` մեծակտոր ապակեպատման և պլաստիկ ձևերի շնորհիվ դրանք ստեղծում են թափանցիկության պատրանք և բացարձակապես ճնշող չեն: Կմախքի վրա հավաքելով ընդհանուր զանգվածը` ճարտարապետը ճկուն ձևերի հետ աշխատելու, ընդունված ստանդարտներից դուրս գալու հնարավորություն է ստանում: Այդպիսին է, օրինակ, Դուբլինի կոնֆերանսների ազգային կենտրոնը, որը թեև դեռևս իրագործված չէ, բայց կարող է ծառայել որպես ոճավորման գաղափարի հիանալի նմուշ:
Վերասլաց, ինքնատիպ մի շինություն է Օմահա քաղաքի (Նեբրասկա նահանգ) Առաջին Ազգային կենտրոնըմ որը օֆիսային համալիրի է հարմարեցված: Կառույցը նախատեսված է մարդկային մեծ զանգվածների հոսքը լիարժեք սպասարկելու համար և ցուցադրում է հաջողված ֆունկցիոնալ լուծում: Ծավալատարածական հորինվածքում շեշտված երկաթբետոնե կոնստրուկցիաները թույլ են տալիս արտաքին մակերեսը բաժանել ուղղաձիգ հատվածների, ինչն ավելի է ընդգծում շենքի սլացիկությունը:

Իր մասնագիտական գործունեությունից զատ Սամվել Գյուլնազարյանը արվեստի հիանալի գիտակ և սիրահար է: Ինչպես ճարտարապետներից շատերը, նա ևս սիրում է նկարել. բազմաթիվ ճանապարհորդությունները Եվրոպայով իրենց անդրադարձն են գտել նրա` տուշով արված ճեպանկարներում, որոնք ռիթմիկ շարքով դասավորված են ճարտարապետի ողջ տնով մեկ` լրացնելով այդ յուրօրինակ ջերմ օջախի բոհեմային մթնոլորտը: Դա այն աշխարհն է, որը Սեմը ստեղծել է իր շուրջը` պաթոսով, սիրով, հուզականությամբ և լույսով լի:

Attachments: Image 1 · Image 2 · Image 3
Category: Arts | Views: 636 | Added by: Arvestaban | Tags: Samvel Gyulnazarian | Rating: 5.0/1
Total comments: 1
0  
1 Tatevik   (17.05.2011 19:29)
Մար ջան շատ շնորհակալություն անչափ հետաքրքիր նյութերի համար:

Name *:
Email:
Code *: