Հավանաբար ոչ բոլորին է հայտնի, որ Երևանի սրտում` Կասկադի գողտրիկ անկյունում, տեղակայված է մշակութային յուրահատուկ, ջերմ ու սրտաբաց օջախ, այն է` ռուսական արվեստի թանգարանը: Այստեղ հավաքված են ռուսազգի անվանի, տաղանդաշատ արվեստագետների ստեղծագործություններ, ինչպես նաև կիրառական արվեստի մի շարք նմուշներ:
Հարգանքի և շնորհակալության խոսք ենք ուղղում հայրենասեր, ազգանվեր մտավորականի` Արամ Հակոբի Աբրահամյանի հիշատակին, ով կյանքի ընթացքում հավաքած բոլոր կտավները նվիրաբերել է Հայաստանին:
Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արամ Աբրահամյանը սովետական բժշկության խոշորագույն դեմքերից էր: Լինելով գիտության վաստակավոր գործիչ, հոյակապ վիրաբույժ, կլինիցիստ, Հայաստանում ուրոլոգիական սպասարկման կազմակերպման առաջնորդներից` նա անմասն չէր նաև արվեստի ասպարեզում: Կերպարվեստով հրապուրվելն, ի երջանկություն մեզ, խթան է դարձել թանգարանի հավաքածուի ստեղծման համար: Մշտապես գտնվելով արվեստի բոհեմային մթնոլորտում` նա խորաթափանց աչքով էր ընտրում յուրաքանչյուր նոր կտավ:
Այն տարիներին, երբ պետական պաշտոնյաների ջանքերով արվեստում ռեալիզմի հասկացությունը նեղացվել էր, հասցվել պարզեցված նմանակության, Աբրահամյանը սկսեց հավաքել 19-րդ դարի վերջի և 20-րդի դարի սկզբի ռուսական կերպարվեստի ստեղծագործություններ, որոնցով այդ ժամանակ ոչ ոք չէր հետաքրքրվում:
Նրա հավաքածուն ներառում է ռուսական գեղանկարչության հսկաների` Վրուբելի, Կորովինի, Նեստերովի, Սերովի, Բորիսով-Մուսատովի և այլ վարպետների աշխատանքներ, որոնց շարքում բացառիկ են Վրուբելի վրձնին պատկանող երկու գեղանկարներ` "Սաֆոն" և "Իսպանացի պարուհին"` որպես այդպիսին միակը Հայաստանում:
Իր գեղարվեստական հավաքածուն կազմելիս Ա.Աբրահամյանը այն հետևողականորեն լրացնում էր նկարիչների կազմած խմբավորումների ("Бубновый валет", "Голубая роза", "Мир искусства") գործերով` ձգտելով արտահայտել այդ ժամանակաշրջանի ռուսական գեղանկարչության ամբողջական պատկերը` ի մի հավաքելով վարպետների ստեղծագործությունները:
Այսօր մեզ` ժառանգներիս, մնում է միայն այցելել, վայելել, գովազդել, կիսվել, սատարել արվեստը, որպեսզի այն չարժեզրկվի, չկորչի` դառնալով առօրյայի անբաժան մի մաս:
P.S. Արդեն մի քանի ամիս է, ինչ ռուսական արվեստի թանգարանի կյանքը վերածնունդ է ապրել: Ի շնորհիվ տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի ջանքերի` այստեղ հաճախակի կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ թե' կերպարվեստի շրջանակներում, թե' դրանցից դուրս: Եվ սա դեռ սկիզբն է այն նպատակների, որ դրել է իր առջև տիկին Տեր-Մինասյանը մոտ ապագայի համար...